ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

ՀԵՏԱՔՐՔԻՐ Է` ԻՆՉԻՆ ԵՆ ԿՈՇՏ ԱՐՁԱԳԱՆՔԵԼՈՒ, ԵՐԲ ԱՆՑՅԱԼԻ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆ ՉԵՆ ՏԱԼԻՍ, ՆԵՐԿԱՅԻ ՄԱՍԻՆ ՄԻԱՅՆ ՄՏԱԾՈՒՄ ԵՆ

ՀԵՏԱՔՐՔԻՐ Է` ԻՆՉԻՆ ԵՆ ԿՈՇՏ ԱՐՁԱԳԱՆՔԵԼՈՒ, ԵՐԲ ԱՆՑՅԱԼԻ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆ ՉԵՆ ՏԱԼԻՍ, ՆԵՐԿԱՅԻ ՄԱՍԻՆ ՄԻԱՅՆ ՄՏԱԾՈՒՄ ԵՆ
12.01.2010 | 00:00

Աստծո անցած 7+7 օրում տարի փոխվեց, ընդամենն այդքանը, մնացածը մնաց անփոփոխ, համարյա նույնը: Բոլոր հայտանիշներով ու հեռանկարներով:
Հունվարի 6-ին Սուրբ ծննդյան տոնն էր` Ճրագալույցի պատարագից հետո: 2010-րդ անգամ «Քրիստոս ծնաւ և հայտնեցաւ: Մեզ եւ ձեզ մեծ աւետիս»:
Հունվարի 1-ից Իսպանիան ստանձնեց Եվրամիության նախագահությունը: Կես տարով: Իսպանիայի նախագահության պահից ուժի մեջ է մտնում Լիսաբոնյան պայմանագիրը: Համաշխարհային ճգնաժամի և գործազրկության 18 տոկոսի պայմաններում Մադրիդը մտադիր է վերականգնել ԵՄ անդամ երկրների տնտեսությունը` տնտեսական քաղաքականության համակարգումը առավելագույնի հասցնելով: Քաղաքական ծրագրում Թուրքիայի` ԵՄ անդամակցության բանակցությունների ակտիվացումն է, Խորվաթիայի հետ բանակցություններն ավարտին հասցնելը, Իսլանդիայի հետ բանակցությունները սկսելը: Երբ 2009-ի տարեկեսին Շվեդիան Չեխիայից ընդունում էր ԵՄ նախագահությունը, Լեհաստանի հետ «Արևելյան հարևանության» ծրագրի նախաձեռնողներից էր: Ծրագիրն ընդգրկում է Բելառուսը, ՈՒկրաինան, Մոլդովան, Վրաստանը, Հայաստանը, Ադրբեջանը, 2009-ին ծրագրի ֆինանսավորումը փաստացի դադարեցվեց, ուշադրությունը կենտրոնացվեց առանց վիզային ռեժիմի ուղևորափոխադրումների պայմանների ապահովմանը: Ստանձնելով ԵՄ նախագահությունը` Իսպանիան չհիշեց «Արևելյան հարևանության» մասին: Գոնե առայժմ: Թուրքական «Zaman» օրաթերթի հաղորդումով` Իսպանիան նպատակ ունի Թուրքիայի եվրաանդամակցության բանակցություններում 8 ուղղություններին հավելել ևս 4-ը` էներգետիկայի, մրցակցության, կրթության և մշակույթի ոլորտները: Գուցե Իսպանիային հաջողվի ինչ-որ դռներ ավելի լայն բացել Թուրքիայի առաջ, բայց ԵՄ նախագահությունը Մադրիդից հետո ստանձնում է Բրյուսելը, իսկ Բելգիան հազիվ թե շարունակի նույն քաղաքականությունը:
Ամերիկյան «Ստրատֆոր» հետազոտական կենտրոնի վերլուծաբանների կանխատեսմամբ` 2010-ը կարող է լինել հետխորհրդային տարածքում Ռուսաստանի դիրքերի ամրապնդման տարի: Ըստ նրանց` քանի դեռ ԱՄՆ-ը զբաղված էր Իրաքով ու Աֆղանստանով, 2009-ին Ռուսաստանը հաջողություններ արձանագրեց ՈՒկրաինայում, Վրաստանում և Ադրբեջանում: Ռուսական ազդեցության տարածման հիմնական լծակը մաքսային միությունն է, ուր ընդգրկված են ՌԴ-ն, Բելառուսն ու Ղազախստանը: 2010-ին փորձեր կարվեն ներգրավելու ՈՒկրաինան, Տաջիկստանը, Ղրղզստանը, Հայաստանը: «Ստրատֆորի» կանխատեսմամբ` Ադրբեջանն ու Թուրքմենստանը ևս չեն հրաժարվի: Արտաքին հաջողություններին զուգընթաց` Ռուսաստանում կմեծանան ներքին խնդիրները` պատերազմը Կրեմլի տարբեր կլանների միջև կուժեղանա և կարող է բարձրաստիճան մի քանի պաշտոնյաների ճակատագիր փոխել: «Ստրատֆորը» համոզված է, որ պատերազմը կարող է կանխել միայն Վլադիմիր Պուտինը: Եթե նկատի ունենանք վերլուծական կենտրոնների ֆինանսավորումը, ակնհայտ է` ում խաղը և ինչու է խաղում «Ստրատֆորը»:
Թուրքիայի դեսպանների հետ ամենամյա հանդիպման ժամանակ վարչապետ Ռեջեբ Թայիփ Էրդողանը հայտարարել է. «Մենք չպետք է պատասխան տանք անցյալի համար, մենք պետք է մտածենք ապագայի մասին, և եթե բախվում ենք անարդարության, պետք է կոշտ արձագանքենք»: Հետաքրքիր է` ինչին են կոշտ արձագանքելու, երբ անցյալի համար պատասխան չեն տալիս, ներկայի մասին միայն մտածում են:
Վատ, շատ վատ ավարտ ունեցավ ֆուտբոլային խաղը Ռեջեբ Թայիփ Էրդողանի համար. Անթալիայում Ամանորն անցկացնող վարչապետը ֆուտբոլ խաղալիս կոտրեց ուսը: Նրան ինքնաթիռով տեղափոխեցին Ստամբուլ: Փաստորեն, ոչ միայն դիվանագիտական, իրական դաշտում էլ է ֆուտբոլը վտանգավոր խաղ:
2010-ին տոնական սեղանների առկայությունը հետին պլան մղեց խոզագրիպը: Բարեբախտաբար` 111 հիվանդներին նոր վարակվածներ չեն ավելացել, համենայն դեպս, գրանցված:
Հունվարի 4-ին Դուբայում շահագործման հանձնվեց աշխարհի ամենաբարձր շենքը: 6 տարի կառուցվող երկնաքերն ունի 162 հարկ, 828 մետր բարձրություն, շինարարության վրա ծախսվել է 1,5 միլիարդ դոլար:
Ընդունված է` տարեմուտին երկրի նախագահներն ամփոփում են անցած տարին, ուղենշում եկողը: Նրանց ուղերձները հիմնականում նոր ու անհայտ փաստեր չեն պարունակում: Միակ բացառությունը 2000 թ. ՌԴ նախագահ Բորիս Ելցինի տարեմուտի ուղերձն էր, որով նա հրաժարական տվեց: 2010 թ. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այդքան իրատես չէր, նա ընդամենը կրկնեց նորից ու նորից այն, ինչ ասել է արդեն 10, 100, գուցե 1000 անգամ` ադրբեջանական բանակն ունի բոլոր հնարավորությունները, որպեսզի հողերն ազատագրի օկուպացումից, Ադրբեջանը չի բացառում ղարաբաղյան հակամարտության կարգավորման ռազմական տարբերակը: Եթե նկատի ունենանք, որ 2010-ի աշնանն Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններ են լինելու, և հայրենասիրության բուռն ու բացատրելի պոռթկումներ են սպասվում նախընտրական շրջանում, ամբողջ տարին ստիպված ենք լինելու պարբերաբար հիշեցնել «օկուպացված տարածքների» պատճառահետևանքային կապը իրականության հետ:
Բացի ուղերձի ժանրից, ադրբեջանցիները լավ յուրացրել են նամակի ժանրը. ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին նամակ է ուղղել Լեռնային Ղարաբաղի վիճակի վերաբերյալ` հաղորդելու, որ Հայաստանի կառավարությունը չի կատարում ստանձնած պարտավորությունները, ավելին` Հայաստանը նպատակ ունի մոլորեցնելու միջազգային հանրությանը` խնդրի էությունն աղավաղելով, հավելած` Հայաստանի ոչ կառուցողական դիրքորոշումը լուրջ սպառնալիք է ստեղծում խնդրի քաղաքական ճանապարհով լուծմանը: Պան Գի Մունին տեղեկացվել է նաև, որ Հայաստանը դեռ 1987-ից է սկսել ադրբեջանցիների վրա հարձակումները Խանքենդիում: Հետաքրքիր է` որտե՞ղ է Պան Գի Մունը գտնելու այդ Խանքենդին, հազիվ թե ադրբեջանցիները նշած լինեն Խանքենդիի իսկական անունը:
Հունվարի 8-ին ՀԱԿ-ի 2010-ի առաջին հանրահավաքն էր: Իրադարձային: Հունվարի 10-ին 10-րդ ընտրատեղամասում ընտրություններ էին: Պատգամավորական մանդատը վայր դրած Խաչիկ Սուքիասյանի բազկաթոռին ԱԺ-ում հավակնում էին ազգը տրոհելուց հետո վաստակած հանգստի անցած «Ազգային միաբանության» անդամ Արա Սիմոնյանը, օրուգիշեր Կարլ Մարքսի ոսկորները շրջապտույտի մեջ պահող Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը, «Հայկական ժամանակի» խմբագիր Նիկոլ Փաշինյանը, որն անշահախնդրորեն քննադատում, մերկացնում ու դատափետում է խորհրդարանը, բայց անզուսպ, անհասկանալի ու անհեթեթ ցանկություն ունի պատգամավոր դառնալու: Այս պարագայում, սակայն, պատգամավորության թեկնածուները չեն կարևորը, ոչ էլ ընտրության արդյունքը: Միևնույն է, մեկ պատգամավորը ոչինչ չի փոխելու խորհրդարանի կյանքում: Անցել են ռազմադաշտում մեկ զինվորով հաղթանակների ժամանակները: Առավել կարևորն ու քաղաքական վիճակը ակնհայտ դարձնողը բուն առաջադրումներն էին: Ազգը կործանումից իրենով փրկելու ոչ մի ցանկություն չունեցավ ոչ մի մտավորական, երգիչ-երաժիշտ-դերասան-գրող: Իսկ բոլորովին վերջերս նրանք պատրաստ էին Երևանի համար կյանքը տալու: Ժողովրդի համար սիրտը, հոգին ու կյանքը տալու ոչ մի ցանկություն չունեցան և իրենց քաղաքական համարող գործիչները: ՈՒ վերջապես հասկանալի դարձավ` ինչո՞ւ ստեղծվեց ու անհասկանալի-անհավանական ուռճացվեց Հանրային խորհուրդ կոչվող կառույցը: Հին ու նոր, մեծ ու մանրիկ բոլոր «աբիժնիկների» այդ հավաքատեղին շատ մեծ ծառայություն մատուցեց` մաքրեց ասպարեզը նրանցից, ովքեր վաղուց արդեն քաղաքականությունը ծառայեցնում էին մեկ նպատակի` աշխատատեղի: Իսկ նրանք քիչ չեն` անկախության տարիներին հավաքվել է մի վաշտ ժողովուրդ, որ անելիքը չիմանալով` պատեհ-անպատեհ փառաբանում է իշխանությանը ու սպասում պաշտոնի իր հերթին: Իսկ Հանրային խորհրդով հարցը լուծվեց ամբողջական ու համակարգված: Հարկատուների հացը ձրի ուտողներ միշտ են եղել ու կան, և նրանք դեռ ամենաանարժանները չեն` անհրաժեշտ պահերին միշտ անհրաժեշտ տեքստերը կարդում են համարյա առանց տողադարձերի:
Հունվարի 12-ին երկօրյա այցով Մոսկվայում է լինելու Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիփ Էրդողանը: ՌԴ վարչապետի հրավերով: Կքննարկվեն երկու երկրների տնտեսական և էներգետիկ համագործակցության հարցերը: Բնականաբար` ոչ միայն: Որոշ վերլուծաբանների կարծիքով` վերջերս Անկարան ու հատկապես Բաքուն առավել հակված են դեպի Ռուսաստանը` ի հակակշիռ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի ճնշումների: Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի գնահատականով` «վարվում է խաղաղ, բայց շատ ակտիվ դիվանագիտություն, որը սահմանափակում է բոլորի ժամանակը»: Իսկ արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավուդօղլուն հերթական անգամ բանաձևել է կովկասյան քաղաքականությունը` Թուրքիայի ու Հայաստանի միջև հարաբերությունների նորմալացման և Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցերի զուգահեռ քննարկում` տարածաշրջանում խաղաղության ամրապնդման համար: «CNN Turk»-ին տված հարցազրույցում սառեցված հակամարտությունների մասին խոսելով` Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը արևելյան այլասացության ոսկե օրենքով հայտարարել է, որ խոհանոցում ինչ-որ բան եփվում է... Գյուլը կարող է Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումով բացել թուրք-հայկական սահմանը, տարածաշրջանում իր երկրին նոր ու աննախընթաց դեր ապահովել, բայց ճշմարտությունը մեկն է. եթե նույնիսկ 99 տոկոսով հարցը լուծված է, 1 տոկոսը կարող է գերակշռել: Նույնիսկ եթե արևելյան հակամարտություններն ընդունված է լուծել «Խաղաղություն` տարածքների դիմաց» բանաձևով, ոչ մի նման լուծում խաղաղություն կամ տարածք որևէ կողմին դեռ չի բերել` գոնե ինչ-որ ժամանակով:
Մինչ այս, մինչ այն, հերթական ապրիլն է գալու, եթե Թուրքիան շարունակի Ցյուրիխը պահել իր դիվանագիտական գզրոցներում, ԱՄՆ-ի Կոնգրեսը կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Եթե Ադրբեջանն էլ հանկարծ որոշի իր բանակի մարտունակությունը փորձարկել, ԱՄՆ-ը կարող է ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:
Տեսնո՞ւմ եք, որ նոր տարին հին հնարանք է` իրականում կյանքում ոչինչ չի փոխվում: Ոչինչ: Բոլորն ու յուրաքանչյուրը գնում են իրենց ճանապարհով, և դա կոչվում է հավատարմություն, հետևողականություն, սկզբունքայնություն, իսկ լավագույն սպասելիքների մասին ժամանակին գրել է Օնորե դը Բալզակը` վեպն անվանելով «Խորտակված պատրանքներ»:
Վաչիկ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 1662

Մեկնաբանություններ